Պատմություն տնային

Արցախյան ազատամարտ (նաև գոյամարտպատերազմ), Արցախի հայ բնակչության պայքարը հանուն Հայաստանի հետ միացման և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի: Հակամարտության երկրորդ կողմն է Ադրբեջանը, որը ձգտում էր նվաճել Արցախը։ Չարդախլու հայկական գյուղում 1987 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ընդհարումներից Ադրբեջանական ԽՍՀ-ում սկսվեց հայերի բնաջնջում, ինչից հետո հակամարտությունը աստիճանաբար վերաճեց հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմի

Արցախյան ազատագրական պատերազմը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի հետևանքով ծագած զինված հակամարտությունն է 1988–1994 թվականներին։ Կոչվում է նաև Արցախյան ազատագրական պատերազմ 19881994 կամ արցախա-ադրբեջանական զինված հակամարտություն։ 1988 թվականից մինչև 1991 թվականի ապրիլի 30-ը կրել է հիմնականում տեղային բնույթ և դրսևորվել համապարփակ շրջափակման, պետական ու անհատական ունեցվածքի ավարառության, բերքի և ցանքատարածությունների փչացման կամ բերքահավաքին խոչընդոտելու, հայկական բնակավայրերի, մերձակա օժանդակ տնտեսությունների ու արտադրական ձեռնարկությունների վրա ավազակային հարձակումների և հակաօրինական այլ գործողությունների տեսքով։ Դրանց հաջորդել են կազմակերպված ու բացահայտ զինված ներխուժումները և տարածքներ զավթելու, հայ ազգաբնակչությանը բռնի տեղահանելու նպատակով իրականացված լայնածավալ ռազմական գործողությունները։

Արցախյան շարժման առաջին իսկ օրերից (1988 թվականի փետրվար) Ադրբեջանում սկսվել է սանձարձակ հակահայկական քարոզչական պատերազմ։ «Հայերին բնաջնջել, հողն արյամբ նվաճել» և այլ մոլեռանդ կոչերով հագեցած ադրբեջանական պետական քարոզչությունը գրգռել է ամբոխին, ինչի հետևանքով Ադրբեջանում սկսվել են հայերի նկատմամբ բացահայտ բռնարարքներ ու ջարդեր։

Հակառակորդը դիմել է տնտեսական շրջափակման ամենատարբեր ձևերի՝ արտաքին աշխարհից, մանավանդ Հայաստանից ԼՂԻՄ-ի մեկուսացմանը, ժողովրդատնտեսական բեռների, սննդամթերքի, վառելանյութերի և առաջին անհրաժեշտության այլ իրերի ներկրման կամ տեղափոխման արգելակմանը ևս։ Դադարեցվել է երկաթուղային շարժակազմերի և բեռնատար ավտոմեքենաների մուտքը ԼՂԻՄ, արգելափակվել են մարզի ներքին հաղորդակցության ավտոճանապարհները։

Սկսվել են ՍումգայիթիԳանձակիԲաքվի հայ բնակչության ջարդերն ու տեղահանությունները (տես Սումգայիթի ջարդերԲաքվի ջարդերԿիրովաբադի ինքնապաշտպանություն), որոնք պատերազմական գործողությունների յուրօրինակ դրսևորում էին՝ ուղղված Արցախի ու արցախցիների դեմ, քանի որ այդ քաղաքների հայերի մեծ մասը արցախյան ծագում ուներ կամ ծնվել էր հենց Արցախում։

Ադրբեջանական ագրեսիայի առաջին թիրախներ են դարձել Հյուսիսային Արցախի բնակավայրերը։ Դեռևս 1987-ի վերջերին Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ստորաբաժանումները բռնություններ են իրագործել մարշալներ Հովհաննես Բաղրամյանի ու Համազասպ Բաբաջանյանի ծննդավայր Չարդախլու գյուղում և այն հայաթափել։ Դա և 1990 թվականի հունվարի 12–14-ին Ազատի, Գետաշենի ու Մանաշիդի վրա հարձակումները դարձել են Հյուսիսային Արցախի հայության բացահայտ բռնի տեղահանության սկիզբը, ինչն ավարտին է հասցվել հակամարտության հերթական փուլի ընթացքում։

Ագրեսիայի այդ նախապատրաստությունները, այդ թվում՝ 1988 թվականի փետրվարից մինչև 1991թվականի ապրիլն ընկած ժամանակամիջոցում ադրբեջանցիների ավազակախմբերի, Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ՄՀՆՋ-ի և ԽՍՀՄ ներքին զորքերի ստորաբաժանումների համատեղ պատժիչ գործողությունները, անձնագրային ռեժիմի պահպանման քողի տակ իրականացված ձերբակալությունները, բռնությունները և սպանությունները, արցախահայությանն ի վերջո կանգնեցրել են զինված ինքնապաշտպանության դիմելու անհրաժեշտության առջև։

Մանավանդ, 1991 թվականի ապրիլի 30-ին Կենտրոնի ձեռնարկված «Օղակ» ռազմական գործողությունը, որի ընթացքում հայաթափվել են Հյուսիսային Արցախի Գետաշեն ու Մարտունաշեն բնակավայրերը, Հադրութի շրջանի ծայրամասային գյուղերը և Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշըրջանը, փաստորեն հաստատել է հիմնահարցը պատերազմի միջոցով լուծելու Ադրբեջանի որդեգրած քաղաքական գծի անշրջելիությունը։

Оставьте комментарий